top of page
CE_10Years_SoMeCover_1600x421.jpg

Ստեղծագործ Եվրոպա 21-27 ծրագիր 

Ծրագրի ընդհանուր նկարագիր


Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը համախմբում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը: 2017 թվականին իրականացված միջանկյալ գնահատման արդյունքների հիման վրա՝ Ստեղծագործ Եվրոպա 2021-2027 ծրագիրը շարունակում է գործել նախորդ ծրագրի կառուցվածքին համաձայն:

Նախորդ ծրագրի շրջափուլի համեմատ՝ 2014-2020 թթ., Ստեղծագործ Եվրոպա ծրագրի բյուջեն աճել է 50%-ով։ Ստեղծագործ Եվրոպա ծրագիրն ուղղված է այն գործողությունների և նախաձեռնությունների իրականացմանը, որոնք կօգնեն ամրապնդելու մշակութային բազմազանությունը և կարձագանքեն մշակութային ու ստեղծագործական ոլորտների կարիքներին ու մարտահրավերներին։ Ծրագրում ներառված նորությունները և փոփոխությունները նպատակ ունեն աջակցելու վերոգրյալ ոլորտների վերականգնմանը և հետագա զարգացմանը՝ հնարավորություն ստեղծելով դրանք դարձնել ավելի ներառական, թվայնացված, կանաչ և էկոլոգիապես ավելի կայուն:  

​​

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի երկու հիմնական նպատակներն են.  

  • Պաշտպանել, զարգացնել և խթանել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունն ու ժառանգությունը,

  • Բարձրացնել մշակութային և ստեղծագործական ոլորտների, մասնավորապես տեսալսողական հատվածի մրցունակությունը և տնտեսական ներուժը: 

Վերոգրյալ նպատակներն իրականացվում են հետևյալ ենթանպատակների միջոցով.

  • Հզորացնել Եվրոպայում արվեստի և մշակութային համագործակցությունը,

  • Աջակցել Եվրոպական աշխատանքների ստեղծմանը,

  • Նպաստել Եվրոպայի մշակութային և ստեղծագործական ոլորտների տնտեսական, սոցիալական և արտաքին համագործակցության ուժեղացմանը,  

  • Խթանել նորարարությունը և շարժունակությունը,

  • Խթանել համագործակցությունը նորարարության, կայունության և մրցունակության շրջանակներում,  

  • Տարածել և ավելի հասանելի դարձնել միջոլորտային, նորարարական և համագործակցային գործողությունները,

  • Ինչպես նաև տարածել բազմազան, անկախ և բազմակարծիք մեդիա միջավայր և աջակցել մեդիա գրագիտությանը՝ դրանով իսկ նպաստելով գեղարվեստական ​​արտահայտման ազատությանը, միջմշակութային երկխոսությանը և սոցիալական ներառմանը:

Ի լրումն վերոգրյալ նպատակների՝ Ստեղծագործ Եվրոպա ծրագիրն անդրադառնում է լավագույն փորձի և հաջողակ օրինակների տարածմանը, որոնք անդրադառնում և նպաստում են Եվրոպական հանձնաժողովի հիմնական առաջնահերթություններին՝ կանաչացում և շրջակա միջավայր, ներառակայություն և գենդերային հավասարություն՝ հարցեր, որոնք ընդգրկված են ծրագրի բոլոր գործողություններում:

Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝

  • ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչ. եվրոպական մակարդակում գեղարվեստական և մշակութային համագործակցությունը խթանող և ընդլայնող նախաձեռնություններ: Մշակույթ բաղադրիչն ընդգրկում է մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները (բացառությամբ տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԵԴԻԱ բաղադրիչ. գործողություններ և ծրագրեր, որոնք խրախուսում են եվրոպական մակարդակում տեսալսողական հատվածի մրցունակությունը, նորարարությունը և կայունությունը (ներառում է տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչ. նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք խթանում են տարատեսակ նորարարական գործողություններ և համագործակցությունը տեսալսողական և մշակութային ոլորտներում:

Այժմ, Հայաստանն ամբողջությամբ անդամակցում է ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչին, մասամբ՝ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչին, որի շրջանակներում Հայաստանում գործում է Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը: Հայաստանը չի անդամակցում ՄԵԴԻԱ բաղադրիչին:

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի բյուջե

Ստեղծագործ Եվրոպա 2021-2027 ծրագրի ընդհանուր բյուջեն 2,44 միլիարդ եվրո է, որը բաժանվում է հետևյալ կերպ՝

  • ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչ՝ 33%

  • ՄԵԴԻԱ բաղադրիչ՝ 58%

  • ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչ՝ 9%

 

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի իրավական հիմքեր 

Ծրագրի իրավական հիմքերին կարող եք ծանոթանալ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2021 թվականի մայիսի 20-ի 2021/818 կարգավորման միջոցով։ Կարևոր է նշել, որ նախագծերի հայտերի նախապատրաստման համար անհրաժեշտ բոլոր մանրամասնությունները ներկայացված են համապատասխան ֆինանսավորման տողերի ուղեցույցներում (Guidelines):

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․ Ծանոթացեք «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Եվրոպական հանձնաժողովի կայքում:

Ծրագրի և դրա ֆինանսավորման շրջանակները սահմանվում են տարեկան աշխատանքային պլաններով։

Մշակույթ բաղադրիչի աշխատանքային պլան 2023–2026 թթ. (ընդունված Խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ)։ Սա ռազմավարական փաստաթուղթ է, որը հիմք է հանդիսանում ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական հանձնաժողովի միջև համաձայնեցված գործողությունների, այդ թվում՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի իրականացման համար։

Եվրոպական հանձնաժողովի նախագծերի շտեմարանում կարող եք գտնել բոլոր այն նախագծերը, որոնք ֆինանսավորվել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․ Հաստատված նախագծերի շտեմարանը հասանելի է այստեղ։ 

Ի լրումն վերոգրյալի, Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը ունի այն նախագծերի համառոտ ցուցակը, որոնցում հայկական կազմակերպությունները ներգրավված են եղել որպես գործընկեր կամ համակարգող կազմակերպություն։ Ամբողջական ցանկը հասանելի է այստեղ: 

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի կառավարում 

Ծրագիրը կառավարվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից, որը նաև համակարգում է համայնքային ֆինանսական միջոցների բաշխումը։ Եվրոպական միության Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալություն (EACEA) պատասխանատու է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի երկու բաղադրիչների՝ «Մշակույթ» և «Մեդիա», իրականացումն ապահովելու համար։

📘 Ստեղծագործ Եվրոպա 2021–2027 գրքույկը (անգլերեն տարբերակ)

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page